Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իրանի հետ հարաբերություններում Ռուսաստանի համար լավագույն ոճը «վզի թոկը ձեռքին պահելն» է իբրև «ստորադիր պետության»

Իրանի հետ հարաբերություններում Ռուսաստանի համար լավագույն ոճը «վզի թոկը ձեռքին  պահելն» է իբրև «ստորադիր պետության»
01.02.2013 | 00:06

Ներկայումս ռուս-իրանական հարաբերություններում լարված շրջան է, ինչն իրանական քաղգործիչների ու պաշտոնատար անձանց կողմից բացատրվում է իբրև Ռուսաստանի քաղաքական ղեկավարության ձգտում` «նոր» հարաբերություններ ձևավորելու ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար պետությունների և ամբողջ Եվրամիության հետ: Միայն վերջին շաբաթներին Իրանի անվտանգության բարձրագույն խորհուրդը երկու անգամ քննության է առել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը, և, ամենայն հավանականությամբ, առայժմ Թեհրանում որոշակի ըմբռնում չկա, թե հետագայում ինչ կերպ է հարկավոր վարվել Մոսկվայի հետ հարաբերություններում: Որոշ նշաններ կան ասելու, որ Թեհրանում անցել է հիստերիայի ու հակազդեցության փուլը, ու երևի իրանցիները հանգել են հետևության, որ հարկավոր է լուծել ոչ թե պահերի թելադրած խնդիրներ, այլ մշակել Ռուսաստանի հետ քաղաքականության նորովի կառուցման երկարաժամկետ ծրագիր: Ելնելով որոշ դրսևորումներից, կարելի է այն հետևությանը հանգել, որ Իրանը կվերանայի իր վերաբերմունքը Ռուսաստանի որոշ շրջանների հանդեպ, ուր առավելապես իսլամադավան բնակիչներ են ապրում: Եթե առաջ իրանցիներն իրենց բավական զուսպ ու նրբանկատ էին դրսևորում Դաղստանի, Չեչնիայի, Թաթարստանի հանդեպ, ապա, երևի, այսուհետ նրանք ավելի նվաճողամիտ քաղաքականություն կվարեն այդ տարածքներում, այսինքն, կփորձեն այդտեղ իրենց ներկայությունն օգտագործել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ներկայումս իրանցիներն աշխատում են քարոզչություն ծավալել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածքների հանդեպ Ռուսաստանի իրավունքների առումով և կասկածի տակ դնել ռուս-պարսկական պատերազմների արդյունքում կնքված պայմանագրերը: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում Իրանի դեսպանություններին հանձնարարված է մշակել այդ տարածաշրջաններում Իրանի հավակնություններին առնչվող միջոցառումներ ու նախաձեռնություններ` ընդդեմ Ռուսաստանի շահերի: Եթե ի մի բերելու լինենք Ռուսաստանի հանդեպ Իրանի նախկին և ներկա վերաբերմունքի էությունը, ապա կստացվի հետևյալը։
Իրանի հանդեպ Ռուսաստանի արդի քաղաքականությունը ձևավորվել է 1996-97 թթ., երբ իրեն սպառեց Բորիս Ելցինի կառավարության դիրքորոշումը, այսպես կոչված, Ալբերտ Գոր-Վիկտոր Չեռնոմորդին պայմանագրի առնչությամբ, ինչը ենթադրում էր Իրանին մատակարարվող սովորական սպառազինությունների ու զանազան բարձր տեխնոլոգիաների խիստ սահմանափակում: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար էր նշանակվել Եվգենի Պրիմակովը, որի անվան հետ է կապվում Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը: 1996-ին տեղի ունեցավ Եվ. Պրիմակովի հիշարժան այցը Թեհրան, ինչն այն ժամանակ ոգևորություն առաջ բերեց Իրանի քաղաքական ղեկավարության շրջանում: 1997-ի հունիսին Իրանի նախագահ ընտրվեց Մ. Խաթամին, ինչը որոշ անհանգստություն առաջ բերեց Մոսկվայում, քանի որ նոր նախագահը համարվում էր ազատական ու բարեփոխիչ, և դա ռուսների մեջ երկյուղ էր առաջացնում Իրանի ու Արևմուտքի հնարավոր մերձեցման առումով: Բայց այդ երկյուղները շուտով անցան, քանի որ Իրանի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն էին գործում ոչ միայն նախագահ Մ. Խաթամին ու նրա գաղափարակից, արտգործնախարար Կ. Խարազին, այլև ավելի պահպանողականորեն տրամադրված Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը: Այդ շրջանում Եվ. Պրիմակովի քաղաքականության առաջ բերած գլխապտույտի պայմաններում, իրանական ղեկավարության որոշ խորհրդականներ պնդում էին, թե Եվ. Պրիմակովի քաղաքականության նպատակը ոչ թե Իրանի հետ հարաբերությունների զարգացումն է, այլ ռուս-իրանական քաղաքական և ռազմատեխնիկական կապերի որոշակի սահմանափակումը: Իրանի պաշտոնական անձինք որոշ ժամանակ չէին ուզում հավատալ դրան, քանի որ Ռուսաստանն սկսել էր Իրանին մատակարարել քաղաքացիական և ռազմական տեխնիկա, շարունակում էր Բուշերի ատոմակայանի շինարարությունը, քննադատաբար էր վերաբերվում Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի փորձերին: Իրանն իր հերթին կատարել էր Հյուսիսային Կովկասում ազգային-կրոնական շարժումների, Աֆղանստանում «հյուսիսային դաշնախմբի», Հարավային Կովկասի գործերին չմիջամտելու, գազային քաղաքականությանը և տարածաշրջանի մյուս առանցքային խնդիրներին վերաբերող բոլոր պարտավորությունները: Դրա հետ մեկտեղ, Իրանն ավելի ու ավելի էր զգում, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն ռազմատեխնիկական և բարձրտեխնոլոգիական բնույթի մատակարարումների սահմանափակմանը, այլև Իրանի տարածաշրջանային դիրքերի ուժեղացման զսպմանը: Փաստորեն, 2000-ական թվականներն անցան Իրանի և Ռուսաստանի փոխադարձ անվստահության նշանաբանով: Ռուսաստանն Իրանին մատակարարում էր բավական հնացած սովորական որոշ զինատեսակներ, երկակի նշանակության նյութեր, քաղաքացիական ավիացիայի միջոցներ (բարոյական և ֆիզիկական մաշվածությամբ), ընդ որում, մատակարարումները հաճախ ձախողվում էին, կանոնավոր բնույթ չէին կրում: Մոսկվան իրանցիներին մեղադրում էր պայմանագրային պարտավորությունները խստիվ կատարելու և մատակարարումների դիմաց վճարելու անկարողության մեջ: Մինչև օրս Ռուսաստանը չի կատարել S-300 տիպի հրթիռներ մատակարարելու խոստումը, ինչն Իրանը գնահատում է որպես «դանակով թիկունքից հասցված հարված» ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի մշտական սպառնալիքների պայմաններում: Ռուսաստանն ակտիվ հակահետախուզական աշխատանք էր կատարում ռազմական և այլ արտադրության տարբեր տեխնիկական փաստաթղթեր և կոմպլեկտավորման առարկաներ ստանալու Իրանի փորձերի դեմ: Դեպքեր են եղել, երբ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հակահետախուզությունը դիտավորյալ «տեղեկության արտահոսք» է կազմակերպել Իրանի արդյունաբերական լրտեսության գործակալների նկատմամբ սադրանքների կազմակերպման համար: Ընդ որում, այդ իրական և մտացածին հակահետախուզական գործողությունների արդյունքները տեղ էին գտնում բաց մամուլում: Երկու պետությունների նման փոխհարաբերությունները չի կարելի բարեկամական համարել: Միաժամանակ Ռուսաստանը խարխլում էր Իրանի դիրքերը Հյուսիսային Աֆղանստանում ու Տաջիկստանում, ամենևին շահագրգռված չէր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Իրանի դիրքերի ամրապնդմամբ` անգամ հնարավոր համագործակցության մասին իրանցիների ամեն կարգի ակնարկների պարագայում, որոնց նպատակն ԱՄՆ-ի ազդեցության թուլացումն էր: Մոսկվայում այսպես են մտածում. «Ամերիկացիները ժամանակավորապես են գործուղված Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս, իսկ իրանցիներն ընդմիշտ են այստեղ»: Հայաստան գազ առաքելու իրանցիների ծրագրերը նկատելիորեն փոփոխվեցին Ռուսաստանի կողմից, որը վախենում էր, որ մրցակիցներ ի հայտ կգան Եվրոպային գազ մատակարարելու գործում: Համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ իր դերը մեծացնելու Իրանի ձգտմանը բավական կոպիտ պատասխան դարձավ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության փաստացի մերժումը, թեև, ռուսների հետ մեկտեղ, դրանում շահագրգռված չէին նաև չինացիները:
2000-ականների երկրորդ կեսին Ռուսաստանը փորձեց իր անհաջողությունները փոխհատուցել Արևմուտքի պետությունների հետ ավելի սերտ գործընկերային հարաբերությունների հաստատմամբ, իսլամական հարավի խոշոր և ոչ այնքան խոշոր պետությունների, նախ և առաջ Իրանի, Թուրքիայի, Սիրիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Պակիստանի ու Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Սակայն պարզվեց, որ հարաբերությունների զարգացումն ասիական այդ պետությունների հետ պակաս բարդ գործ չէ, քան արևմտյան երկրների հետ: Ասիական այդ պետությունների մի մասը, առաջին հերթին Հնդկաստանը և արաբական պետությունները, գտնվում են ԱՄՆ-ի ուժեղ ազդեցության ներքո, ու ստեղծված հարաբերություններում «ճեղք» բացելը հեշտ չէ: Մյուս պետությունները, նախ և առաջ Թուրքիան, գտնվում են ճամփաբաժանում, «նոր ուղիներ» են որոնում և պակաս վտանգավոր չեն ինչպես Ռուսաստանի», այնպես էլ ամերիկացիների կամ եվրոպացիների համար: Իրանի հետ բարեկամությունն ու որոշակի սերտ հարաբերությունները, ռուս քաղգործիչների կարծիքով, իրենց երկրին զգալի վնաս են պատճառում, քանի որ կասկածի տակ են դնում Ռուսաստանի պարտավորություններն արևմտյան առաջատար գործընկերների հանդեպ, ինչպես նաև նյարդայնացնում են Մերձավոր Արևելքի շատ պետությունների, որոնք, ի դեմս Իրանի, հակառակորդ են տեսնում: 2007-2008 թվականներից հետո Ռուսաստանը, երևում է, որոշել է վերադառնալ Արևմուտքի հետ ավելի սերտ գործընկերային հարաբերությունների հաստատմանը` որպես այլընտրանք չունեցող ուղի, ինչին կարող է խանգարել նրա բարեհաճ վերաբերմունքն Իրանի նկատմամբ: Ներկայումս նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել Իրանի հանդեպ Եվրոպայի առաջատար պետությունների դիրքորոշման և վարքագծի տրամաբանության մեջ: Ֆրանսիան և Գերմանիան աշխատում են մշակել և նոր, ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ, որը կախված չլինի ԱՄՆ-ի կարծիքից ու դիրքից: Մեծ Բրիտանիան, որը երկար ժամանակ ձգտում է միջնորդի դեր խաղալ Իրանի և Արևմտյան ընկերակցության միջև, հիմա ստիպված է համաձայնել եվրոպական գործընկերների հետ: Ֆրանսիան ու Գերմանիան քայլ առ քայլ հեռանում են ԱՄՆ-ի քաղաքականությունից և ձգտում են ԱՄՆ-ի քաղաքականությունը մոտեցնել իրենց քաղաքականությանը, դրանով իսկ ավելի կարևոր դիրք գրավել միջազգային քաղաքականության մեջ:
Իրանական խնդիրը դարձել է Եվրոպայի առաջատար մայրցամաքային պետությունների նոր դիրքերի ձևավորման կարևոր գործոն, և նրանք մտադիր չեն հետագայում վերադառնալու նախկին վիճակին, երբ իրենք Իրանի վրա ճնշում գործադրելու սոսկ «երկրորդական» մասնակիցներ էին: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, Ֆրանսիան և հատկապես Գերմանիան Իրանին արդյունաբերական ապրանքների ու ներդրումների խոշոր մատակարարներ են և շահագրգռված չեն Իրանի շրջափակմամբ և մեկուսացմամբ: Դրա հետ մեկտեղ, եվրոպացիներն ուժեղացրել են ճնշումն Իրանի վրա, ձգտելով նրան դարձնել, նախ և առաջ, Եվրոպայի «հաճախորդ», «կցելով» իրենց ռազմավարությանը և քաղաքականությանը: Եվրոպացիները հասկանում են, որ Իրանի ճշմարիտ տնտեսական շրջափակումն անհնար է առանց իրենց մասնակցության, ու չեն շտապում իրականացնել այդ խնդրի հետ կապված իրենց ծրագրերը: Միաժամանակ, Ֆրանսիան ու Գերմանիան շատ ավելի ուժեղ դիրքեր կստանան իրանական հարցում, եթե համագործակցեն Ռուսաստանի հետ, որը տնտեսության, տեխնոլոգիաների և քաղաքականության ասպարեզում Իրանի կարևորագույն գործընկերն է: Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան գաղտնի «դաշնափնջի» ստեղծումը` Մեծ Բրիտանիայի հարկադրական համերաշխությամբ, հնարավորություն կտա միարժեքորեն տեղափոխելու խաղաքարերը և ԱՄՆ-ին կդնի այնպիսի տերության վիճակում, որը կորցրել է Իրանի հանդեպ պահանջներ թելադրողի մենաշնորհը: Ֆրանսիան ու Գերմանիան նաև հուսով են, որ, այսպես թե այնպես, Չինաստանը ստիպված կլինի մոտենալու Իրանի հարցում իրենց որդեգրած դիրքորոշմանը: Ռուսաստանը հասկանում է նաև իր կարևոր դերն այդ խաղում, միաժամանակ գիտակցելով, որ եվրոպացիների հետ համագործակցությունից հրաժարումն իրեն մեկուսացման մեջ կգցի աշխարհում, եվրոպացիներին կստիպի վերադառնալ ԱՄՆ-ի հետ մերձեցմանը և «իրանական աշխարհում» իրական նախաձեռնության կորստյանը:
Ռուսաստանի համար «իրանական խաղը» եվրոպական քաղաքականության մեջ արժանապատիվ տեղ գրավելու, եվրոպական քաղաքականության մեջ ընդունված կանոններով ու հնարքներով Եվրոպայում քաղաքականություն վարելու իր ընդունակությունը ցուցադրելու հնարավորություն է: Արժանավայել կերպով, եվրոպական երկրի լիակատար իրավունքով եվրոպական քաղաքականության մեջ մտնելու հիմնական ռազմավարական խնդրի լուծմանը զուգընթաց, Ռուսաստանը ձգտում է «իրանական խաղի» միջոցով կարգավորել էներգետիկ քաղաքականությունը, նախ և առաջ պահպանել դիրքերը գազի լայն բիզնեսում: Ռուսաստանն առաջադրեց եվրոպական անվտանգության իր հայեցակարգը, որը քննադատում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, և կցանկանար ցուցադրել Ասիայում իր հավակնությունները զոհաբերելու պատրաստակամությունը` հանուն եվրոպական գործընկերների հետ համերաշխության:
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի համար «իրանական խաղում» կարևոր է նաև մեդալի հակառակ կողմը, այն է` մեծացնել իր դերը Իրանի համար` որպես գործընկերոջ: Նա կցանկանար Եվրոպայում ու ամբողջ Արևմուտքում իր դերն օգտագործել սեփական կարևորությունն աշխարհում ցուցադրելու համար: Իրանի համար լավագույն իրադրությունը Ռուսաստանի ու Չինաստանի առավելագույն հեռացումն է Արևմտյան ընկերակցությունից, ինչն իրանցիներին հույսեր է ներշնչում ավելի սերտ ու վստահալից հարաբերություններ հաստատելու այդ երկու տերությունների հետ: Իրանի համար ամեն ինչ չէ, որ կորսված է, քանի որ ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն շտապում ընդունել Արևմուտքի պահանջներն ու իրենց շահերից բխող քաղաքականություն են վարում: Պատժամիջոցների խնդրի առնչությամբ Իրանն իրեն բավական վստահ է դրսևորում: Ռուսաստանի ու Չինաստանի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին համաձայնելն իրենց անկախ քաղաքականությունից հրաժարում կնշանակեր: Ֆրանսիան (Գերմանիայի աջակցությամբ) շատ ավելի մոտ է համաձայնության (պատժամիջոցների հարցում), բայց եվրոպացիների համար էլ այդ որոշումը բնավ չի համապատասխանում իրենց ռազմավարական շահերին: Պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի նրանց դիրքերի զգալի կորստյան, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների խաթարման և «Մեծ Մերձավոր Արևելքի» շատ ուղղություններում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի հաստատման: Իրանի հետ հարաբերություններում Ռուսաստանի համար լավագույն ոճը «վզի թոկը ձեռքին պահելն» է իբրև «ստորադիր պետության»: Իրանի հանդեպ Մոսկվայի հայացքներն ու մտադրություններն այս կարգի են եղել միշտ` թե՛ իսլամական հեղափոխությունից առաջ, թե՛ հետո: Այդ առաջադրանքին համապատասխան, Ռուսաստանը չի կարող թույլ տալ Իրանի տեխնոլոգիական արագ զարգացում և խիստ շահագրգռված է իսլամական հանրապետության հետ համագործակցության հարցում ԱՄՆ-ի և նրա գործընկերների դրած սահմանափակումներով: Բայց Իրանն արդեն այն չէ, ինչ էր Իրաքի հետ ծանրագույն ու ավերիչ պատերազմից հետո, և դինամիկ զարգացող այդ պետությանը Ռուսաստանը չի կարող զսպել, եթե միաբան չլինի տեխնոլոգիական ու տնտեսական առումով առաջատար եվրոպական տերությունների հետ: Եվրոպայի հետ դաշնակցած Ռուսաստանը կարող էր Իրանի հանդեպ վարել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն` նրան պահելով հարաբերությունների որոշակի շրջանակներում: Վերջին ժամանակներս Իրանը հակաքայլեր է ձեռնարկում Ռուսաստանի այդ միարժեք քաղաքականության նկատմամբ, հիշելով նաև պատմական անցյալը, մատնանշելով Ռուսաստանի այդ նվաճողական քաղաքականությունը Հարավային Կովկասում 19-րդ դարի սկզբին:
Ռուսաստանի օրախնդիր հարցերից մեկն էլ «իրանական խաղի» շաղկապումն է Իրանի հեռահար բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու նպատակով Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման ԱՄՆ-ի ծրագրերի հետ: Այդ իրավիճակը միայն առաջին հայացքից է բավական թափանցիկ թվում: Իրականում այն շատ խճճված է, և Ռուսաստանն այդպես էլ չի կարողացել Իրանի համաձայնությունն ստանալ համատեղ վարելու այդ իրավիճակային խաղը, ուր իբրև հակառակորդ են հանդես գալիս ԱՄՆ-ն ու Իսրայելը: Միաժամանակ, ԱՄՆ-ը ևս պատշաճորեն չի ընդունում այդ խաղային իրավիճակը և բնավ էլ մտադիր չէ Իրանի վրա Ռուսաստանի ճնշման դիմաց զիջումներ անելու ՀՀՊ համակարգի տեղակայման հարցում: Խաղն առայժմ չի ստացվում, և ոչ ոք չի կարող ասել, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որքան են ընդունակ համաձայնության գալու այդ խնդրի շուրջ, սակայն Իրանը, ամեն դեպքում, իրեն զգում է տուժած: Ռուսաստանը, միաժամանակ, փորձում է խաղի մեջ ներքաշել նաև Իսրայելին, հիանալի հասկանալով, որ դա նյարդայնացնում է Իրանին:
Չնայած մշտական իրավիճակային վայրիվերումներին, Ռուսաստանը հասկանում է, որ Իրանը իր միակ հնարավոր գործընկերն է Միջերկրական ծովից մինչև Չինաստան ընկած հսկայական տարածությունում, և նա երբեք չի միանա Իրանի անգամ մասնակի շրջափակմանը: ՈՒ չի բացառվում, որ այդ տարածաշրջանի մի շարք պետություններ, նույնիսկ Հնդկաստանը (Չինաստանին դիմակայության ձևաչափով), ժամանակի ընթացքում դառնան ոչ միայն «չեզոք» Ռուսաստանի նկատմամբ, այլև նրա հակառակորդներ:


Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ